«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից եւ հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձեւակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց. «Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւավորվել կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է…»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից իշխանությունների անհանգստություններն ավելի ու ավելի սուր են դառնում, չնայած նրանք փորձում են ցույց տալ, թե իրականում մտահոգված չեն։ Իրականում վախերն այնքան մեծ են, որ փորձում են «կանտրոլի» տակ պահել ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատակիցներին, այլև մանկավարժներին ու նույնիսկ… աշակերտներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը: Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել: Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել են վիրավորական արտահայտություններ անել, թե միայն թուրքն է քերում Արցախի դրոշը, եւ դեպքի վայր են շտապել որոշ լրատվամիջոցներ ու տեսանկարել այդ ամոթալի տեսարանը, ըստ նախարարության մեր աղբյուրների, ԱԳՆ պատկան վարչության ղեկավարները փորձել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները եւ նախարարին համոզել, թե պատեհ չէ ժամը` գուցե դրոշը քերելու կարեւոր գործն անեն աշխատանքային օրվա ավարտին, ստացել են բացասական պատասխան։ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատների բնակարանից դեռեւս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց, իսկ, ահա, նախկին նախարարի բնակարանից առգրաված զենքերը չի վերադարձրել, քանի որ տիրապետողը՝ ի դեմս նախարարի, գտնվում է կալանքի տակ: Նշենք, որ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն խուզարկել էր Տոնոյանի եւ նրա հարազատների բնակարանները եւ առգրավել էր Տոնոյանի՝ նվիրատվություն ստացած զենքերը եւ հարազատների զենքերը։ 7ամիս անց հարազատների զենքերը հետ վերադարձվեցին, իսկ Տոնոյանը շարունակում է մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել եւ հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել: Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել եւ երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիեւին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, եւ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիեւին համոզելը, որ զիջի: Ալիեւը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է. «Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, եւ նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիեւը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»: