Կառավարությունն ապրիլի 15-ի նիստում ընդունեց բնակարանների ռենովացիայի ծրագիրը, որի ֆինանսավորման պետական կարգն ընդունվեց այսօր՝ կառավարության մայիսի 26-ի նիստում։
Ծրագրի էությունն այն է, որ սուբսիդավորվող վարկերի միջոցով ռենովացիայի կենթարկվեն բնակարանները՝ ծախսերի 30 տոկոսն օգտագործելով էներգախնայողության վրա։ Ծրագրի շնորհիվ քաղաքացին ավելի քիչ կոմունալ վճարումներ կանի, հնարավորություն կունենա մեծ բնակարանների չօգտագործվող մասն օգտագործել, օրինակ՝ նոր մուտք բացել, նոր բակ ստեղծել, դա էլ իր հերթին հնարավորություն կտա խթանել տուրիզմը՝ վարձով տալ բնակարանի տվյալ մասը, այսինքն՝ առաջարկ ձևավորել։
Կառավարության դերն այս նախագծի մեջ այն է, որ սուբսիդավորում է 14 տոկոս վարկը՝ վճարելով քաղաքացիների փոխարեն։ Սահմանամերձ գյուղում վարկը տրվում է 0 տոկոսով, մյուս համայնքներին բաժին է ընկնում 2 տոկոս, քաղաքային բնակավայրերում՝ 3 տոկոս, իսկ մայրաքաղաքում՝ 5 տոկոս վճարում, համապատասխանաբար պետությունը կվճարի 14, 12, 11 և 9 տոկոսը։
Այսպիսով՝ սահմանամերձ համայնքում 7 միլիոն վարկ վերցրած բնակիչը պետությունից կստանա այն հավելյալ 4 միլիոն դրամը, որը հավելյալ պետք է վճարեր մինչև վարկի մարումը։