Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ օրը TACC-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին։ Այս հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս չկան պայմանավորվածություններ սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։
Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով հանդիպումը։
«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։