ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը թողնում է պաշտոնը։ Այս մասին նա իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Անափիոսյանը գրել է, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:
«Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն»,- նշել է Անափիոսյանը։
ԿԳՄՍ նախկին փոխնախարարը նաև ընդգծել է, որ միջազգային համագործակցության մասով` այս ընթացքում հասկացել է, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու համագործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի։
«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին»,- գրել է Արևիկ Անափիոսյանը։