Թող պարզ բացատրեն՝ ինչու են ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ՝ նշելով, որ առանց ավելորդությունների եկել են նախարարների հետ հանդիպման, սակայն նրանց չեն ընդունել։
Նա ասաց, որ ընդդիմությունը չի հեռանա կառավարության շենքի մոտից, մինչև չընդունեն իրենց, խոստացել են նրանց պատասխանել 10 րոպեից։
Նշենք, որ Սաղաթելյանը ցանկանում է նախարարներից հարցնել, թե համամի՞տ են իրենց հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման համակարգողը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: