Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Այս մասին հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, նախարարը պատասխանել է․
«Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն»։
Միրզոյանի խոսքով՝ բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Նա նշել է, որ պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։
«Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել»:
բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։
Հարցին, թե ինչպե՞ս է նախարարը գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները, նա պատասխանել է․
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։
Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։
Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը»։