Ես նման արտահայտություններ անելու իրավունք չունեմ, որովհետև հիմա բանակցային գործընթաց է։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացին։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ համաձա՞յն եք այն պնդման հետ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այս համատեքստում նա անդրադարձավ ընդդիմության նախաձեռնությանը։ Նշենք, որ ընդդիմությունը երթով այցելում է նախարարություններ ու փորձում նշված հարցը տալ տարբեր նախարարների։
«Ընդդիմությունն այդ հարցադրումն անելու բազմաթիվ հնարավորություններ ունի՝ առանց շոուներ կազմակերպելու»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշել է, որ ընդդիմության գործողությունները վերածվել են մարդկանց ներվայնացնելու, խցանումներ ստեղծելու մանյայի․ «Իրենք գտնվում են շատ ծանր կացության մեջ։ Իրենք մնացել են իրենց «պրիյոմի» տակ։ Մենք իրենց թույլ ենք տալու մինչև վերջ մաշեցնել իրենց բոլոր հնարավորությունները։ Ես ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել այս ամենի համար»։
Armenia Today-ի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 3-ին ընդդիմության առաջարկով արտահերթ նիստին ՔՊ-ի կողմից մասնակցության մերժումը, Սիմոնյանը պպատասխանեց․ «Այդ նախաձեռնությունն իրավիճակից ինչ-որ ելք գտնելու հերթական փորձն է։ Իշխան Սաղաթելյանը բեմից անընդհատ ասում է՝ օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք։ Իրենք չեն հասկանում, որ այդ բառերով իրենք իրենց մատնում են, որ տուպիկի առաջ են կանգնած ու փորձում են այդ տուպիկից ինչ-որ ելք գտնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։