«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով գնացին Տնտեսագիտական համալսարան, որտեղ նրանց կրկին ոստիկանական շղթան դիմավորեց։ Մինչ այդ նրանք արդեն եղել էին Երևանի Պետական համալսարանում, փորձել հանդիպել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորների հետ, սակայն ապարդյուն։
Ինչպես ասացին ակցիայի մասնակիցները՝ վերևում ռեկտորի սենյակի դուռը փակ են գտել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ կարծում է՝ ռեկտորը ներսում փակված է եղել։ Նրանց այդպես էլ հստակ չեն պատասխանել, թե նա շենքում է, թե՝ ոչ։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ ԵՊՀ ռեկտորը ներքև իջնելու փոխարեն թաքնված է։ Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումն Արցախի հարցում։
Ինչպես նշեց շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ եկել են հասկանալու, թե համալսարանն ու գիտխորհուրդն ինչ դիրքորոշում ունի իրենց հայտարարության վերաբերյալ:
Այժմ «Դիմադրություն» շարժման քայլերթը շարունակվում է։