Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կդադարեցնեն ցանկացած շփում ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Anadolu գործակալության խմբագիրների կլոր սեղանի մասնակիցների հետ հարցազրույցում։
«Թուրքիան չի նահանջի իր դիրքերից՝ անկախ սկանդինավյան երկրների կառավարությունների դիրքորոշումից։ Մեզ պետք են հստակ գրավոր երաշխիքներ»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների անընդունելիությունը, որոնք, մասնավորապես, սահմանել է Շվեդիան։
«Սկանդինավիայի հակառակորդները մեզ ասում են ազգային օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտության մասին: Մենք պատրաստ ենք սպասել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ մինչև Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները բավարարվեն»,- վստահեցրել է նա։
Նրա խոսքով, պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումի վերաբերյալ հնչում է բոլոր հարթակներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում։ Նա ընդգծել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների գործողություններն անտեսվում են եվրոպական մյուս երկրներում»։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնական հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Երկու պետությունների դեսպանները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախկինում ռազմական չեզոքության քաղաքականություն վարող Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման պատճառը անվտանգության սպառնալիքն է, որն առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։
Թուրքիան դեմ է արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը` դառնալով ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը բացահայտորեն արգելափակում է այդ երկրների՝ դաշինք մտնելու գործընթացի սկիզբը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արգելափակել է նոր անդամների մուտքը՝ Հելսինկիին և Ստոկհոլմին մեղադրելով քրդական կազմակերպություններին աջակցելու մեջ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։