Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին ծագած լարվածության համատեքստում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների հետ՝ ապահովելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանի և այնտեղ ապրող բոլոր մարդկանց։ Այս մասին ասվում է ԵԽ ղեկավարի մամուլի քարտուղար Բարենդ Լեյթսի հայտարարության մեջ։
Լեյթսը նշել է, որ Շառլ Միշելը ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը։
Ավելի լայն իմաստով, նախագահ Միշելն ընդգծել է, որ կարևոր է լուծել բոլոր չլուծված խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և հակամարտության բուն պատճառների լուծումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար: Միշելի խոսքով՝ բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր ներգրավված կողմերի կողմից՝ կայուն և արդար խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար։
Նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ի առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների կանխորոշված արդյունքի հաստատում: Վերջին հաշվով, ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերը լուծվեն համակողմանի, սա ներառում է բնակչության բոլոր խմբերի իրավունքների և անվտանգության ապահովումը։
Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում քննարկվել են տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորության ընդլայնման հետ կապված հարցեր։
«Ի վերջո, նախագահ Միշելը շեշտեց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը, և այս առումով առաջնային է հանրային ռազմատենչ հռետորաբանության մերժումը: Նա հայտնել է իր մտադրությունը՝ բարեխղճորեն ներգրավվել բանակցությունների շարունակմանը բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչպես նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մեծացնել իր աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին»,- ասվում է Բարենդ Լեյթսի հայտարարության մեջ։