Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների»:
Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:
Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին»:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է 47 տարեկան։