Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Armenia Today-ի դիտարկմանը՝ «Զանգեզուրի» միջանցքի հետ կապված կան պնդումներ, որ միջանցքային տրամաբանությունը պետք է բացառվի, մինչդեռ Ալիևը, կառուցողական համարելով մայիսի 24-ին հանդիպումը, խոսել է միջանցքի հետ կապված պայմանավորվածությունների մասին, ԱԽ քարտուղարն արձագանքեց․
«Բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում և այնտեղ եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել։ Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել։ Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, թե ինչ ենք բանակցում»։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։
Հիշեցնենք նաև՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։