«Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր եւ միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախումների եւ իրականացված խուլիգանությունների ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»,-գրել է նա։
Ըստ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Իշխան Սաղաթելյանը հրահրեց ցուցարարներին գնալ «ակնհայտ հակաօրինական, սադրիչ ու դատապարտելի գործողությունների»։
«Նրա՝ «կանայք ու երեխաները մի կողմ գնան, մեր առաջ փակ փողոց չկա, մենք գնում ենք ԱԺ» կոչից հետո ցուցարարները սկսեցին հրել, հարվածել, քարեր ու այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Կան տասնյակ հոսպիտալացված ոստիկաններ, որոնք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել նետված քարերից և այլ առարկաներից։
Անտարակույս է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Իշխան Սաղաթելյանը և մյուս առաջնորդները։
Հակաօրինական գործողությունների բոլոր մասնակիցները, ոստիկաններին հարվածած բոլոր խուլիգանները պիտի իդենտիֆիկացվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են ցուցարարները քարեր, շշեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ»,-գրել է Ալեքսանյանը։