Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Իսրայելի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իսրայելի նախագահը նշել է, որ երկու ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը և բարձր է գնահատում նախագահ Սարգսյանի մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է։
«Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ։ Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է։ Մենք նաև պետք է նայենք ապագային։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»,- նշել է Ռեուվեն Ռիվլինին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ այդպիսի միջոցառումներն անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են։
«Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա։ Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար»,- նշել է ՀՀ նախագահը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝
Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։
Զրուցակիցները համագործակցության առումով հեռանկարային են համարվել կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները։
Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։