ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ դրանք բնութագրվում են քաղաքական փոխվստահության բարձր մակարդակով ինչպես երկկողմ ոլորտում, այնպես էլ միջազգային հարթակներում։
«Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների անցած 27 տարիների ընթացքում այդ փոխվստահությունը միայն ամրապնդվել է և խորացել մի շարք ոլորտներում՝ մշակութային, հումանիտար, կրթագիտական, գյուղատնտեսական և այլն, և ներառել նոր ուղղություններ՝ ֆինանսաբանկային, միջմարդկային փոխանակումները, այդ թվում՝ զբոսաշրջությունը և այլն»,-ասել է նա։
«Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովում վավերացվեց դեկտեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո այն հնարավորություն կտա երկու երկրների քաղաքացիներին միմյանց տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում»,- ընգդգծել է Արեգ Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այն նախ էապես կավելացնի ՀՀ այցելող ՉԺՀ զբոսաշրջիկների քանակը. նրանց ընդհանուր թիվն ամենամեծն է աշխարհում, 2018թ. կազմել է շուրջ 150 մլն, և Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ նրանք ծախսել են 277,3 մլրդ ԱՄՆ դոլար։
«Մյուս կողմից, դա կնպաստի գործարար կապերի դյուրացմանը և հետևաբար նաև աշխուժացմանը, իրենց հերթին՝ Հայաստանի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան զբոսաշրջային կամ գործնական նպատակներով ավելի հեշտությամբ այցելել Չինաստան»,-ասել է Վարչության պետը՝ նշելով, որ Չինաստանից ճամփորդող զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրված են տարածաշրջանային ճամփորդություններով, և Հայաստանը կարող է դառնալ այդ երկրներից մեկն իր հարուստ մշակութային ժառանգությամբ, խոհանոցով, լավ կլիմայով և բնությամբ։
Անդրադառնալով չինական ներդրումներին՝ Արեգ Հովհաննիսյանը նշել է, որ մինչև 2018թ. հունիսի վերջ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ՉԺՀ-ից կատարված ուղղակի ներդրումները կազմել են 1.1 մլն ԱՄՆ դոլար, որը շատ փոքր թիվ է։ Այս տարի կա նաև մասնավոր գործարարի կողմից ներդրում՝ 5 մլն ԱՄՆ դոլար խմելու ջրի գործարանի կառուցման ծրագիր, ինչպես նաև 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով հայկական կոնյակի գնում:
Անդրադառնալով չինացիների կողմից Հայաստանի հետաքրքրվածությանը՝ Վարչության պետը ընդգծել է, որ ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսության CCTV-7 հեռուստաալիքի «Հայրենիք» հեռուստածրագրի նկարահանող խումբը հունիսին եղել է Հայաստանում, նկարել երկու մասերից բաղկացած հաղորդում, որոնց մեկական անգամ ցուցադրությունից և կրկնությունից դիտումների քանակը կազմել է 31 մլն 920 հազար, որը չի ներառում նշված հեռուստաալիքի համացանցային հարթակում դիտումները. նմանատիպ հաղորդումների հեռարձակումը նպաստել է Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջային այցերի գրեթե կրկնակի աճին՝ նախորդ տարվա համեմատ՝ կազմելով շուրջ 15 000 այցելու։
2019թ. հոկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը», որը, ըստ Արեգ Հովհաննիսյանի, նոր հնարավորություններ կբացի եղած միտումների պահպանման և նոր աճ գրանցելու համար։
«Իրավիճակի բարելավմանը մեծապես կարող է նպաստել մեր գործարարների մասնակցությունը Չինաստանում անցկացվող տարատեսակ միջազգային ցուցահանդեսներին, ինչպես, օրինակ 2019թ․ Հայաստանը ներկայացվեց Պեկինի այգեգործական ցուցահանդեսին, ինչպես նաև Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Այստեղ կարող է մեծ դեր ունենալ գործարար ասոցիացիաների, միությունների կողմից միասնական համակարգված և համախմբող աշխատանքը, որը հնարավորություն կտա նաև հաշվի առնել չինական մեծ շուկայի առանձնահատկությունները, իսկ պետությունն իր հերթին պետք է շարունակի հետևողական ջանքերը՝ երկրում առկա հնարավորությունների վերաբերյալ ճանաչողության բարձրացման ուղղությամբ»,- եզրափակել է Վարչության պետը։