Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին: Այս մասին Անկարայում հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով «Անադոլու»-ի հարցերին։
Բայրամովի խոսքով՝ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ ստացվել հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք այդ ազդանշաններն ընկալում ենք որպես դրական քայլեր։ Այդ ուղղությամբ շարժվելու շարունակությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ բանակցություններին՝ Բայրամովը նշել է, որ տվյալ հարցի վերաբերյալ կոնկրետ արդյունքներ դեռևս չկան, քանի որ, ըստ նրա, Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այդ գործընթացը: Բայրամովն ընդգծել է, որ տարածաշրջանում հաղորդակցության վերականգնումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց Հայաստանին, որը նվազագույնի է հասցրել տրանսպորտային ոլորտում իր հնարավորությունները:
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. մեր երկրները կողմ են Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, ապա հնարավոր կլինեն լավ արդյունքներ»,- ասել է նա։