Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին 10 պայման է առաջադրել, որոնց կատարումը կարող է դրդել Թուրքիայի իշխանություններին վերանայել իրենց վերաբերմունքը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Yeni Safak թերթին։
Մասնավորապես, ըստ հրապարակման, երկու երկրներն էլ պետք է հայտարարեն Անկարային ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում աջակցելու մասին և համապատասխան օրենսդրական ակտեր ընդունեն։
Շվեդիան և Ֆինլանդիան պետք է փակեն իրենց տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունները, որոնք կապված են Թուրքիայում արգելված PKK-ի հետ, իրենց ակտիվներն ու մեդիա ռեսուրսները և կանխեն դրանց վերաբացումը։
Բացի այդ, Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից պահանջում է վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն և արտահանձնել ահաբեկիչների հետ կապված մարդկանց։ Թուրքիայի իշխանությունները նաև առաջարկել են համագործակցություն հաստատել երկրների հետախուզական ծառայությունների միջև ահաբեկչության դեմ պայքարում։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի դեռ այդ երկրները չեն որոշել իրենց վերաբերմունքը «ահաբեկչական կազմակերպությունների»՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության, Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի և «ֆեթուլլահիստական կազմակերպության» նկատմամբ, որոնք մեղադրվում են 2016 թվականին հեղաշրջման նախապատրաստման մեջ ներգրավվածության մեջ։