Ըստ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի, որը տեղի կունենա Բաղրամյան 26-ում՝ նախ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստը, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` մամուլի համար համատեղ հայտարարությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։