ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում նեղ, ապա ընդլայնված կազմով քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա։
Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԳԱ Ստանիսլավ Զասի հետ համատեղ ճեպազրույցում ներկայացնելով նիստի արդյունքները։
Նրա խոսքով՝ արծարծվել են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերը, որոնք հանդիսանում են կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունը։
«Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն 2021 թվականի մայիսին սկսված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը դեռ բաց է մնում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ դիտարկվել են պետական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, անցյալ տարվա սեպտեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարումը, հայկական նախագահության առաջնահերթությունները։
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է եղել և մնում ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը։ Հայաստանը նպատակաուղղված է անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համակարգման զարգացմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ-ի դերի բարձրացմանը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նշել է, որ հանդիպման արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից հաստատվել է միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀԱՊԿ նախարարների խորհրդի հաջորդ նիստն այս տարվա չորրորդ եռամսյակում անցկացնել Երևանում, ասաց Միրզոյանը։