Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի Երևանում կայացած նիստն անցել է կառուցողական, բարեկամական մթնոլորտում։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջոցառման գերազանց կազմակերպման համար՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ այսօրվա հանդիպմանը արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
«Իրավիճակն իրականում հեշտ չէ հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում, իսկ ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին, ապա այնտեղ այն վատթարանում է»,- ասել է Զասը:
Նա նշեց, որ հանդիպման արդյունքներով արտգործնախարարներն ընդունել են հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում խոր մտահոգություն է հայտնվել միջազգային անվտանգության համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Դիրքորոշում է հնչել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման, որոշ պետություններ մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին։ Աջակցություն է հայտնվել նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի ամրապնդմանը։
Երկրորդ հարցը ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված աշխատանքների քննարկումն էր։ «Սա հայկական կողմի առաջնահերթությունն է։ Առաջին գործնական փորձը ձեռք է բերվել Ղազախստանում գործողության ընթացքում։ Նա բարելավման լավ հիմք տվեց»,- ասաց Զասը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստը։ Նիստի արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից հաստատվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ: