«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38-225 ֊րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն) մասով և 164 ֊րդ հոդվածի 1-ին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով) մասով։ Փաստաբանը հայտնում է, որ ներկա պահին Եսայանը ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրում է Եփրիկյանը։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Եսայանին քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հեռուստաընկերությունից տարել են անհայտ ուղղությամբ, ենթադրվում է, որ ԱԱԾ։