ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է։
«Ոնց հասկացա «Լիդիան Արմենիա» ընկերությունը ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը՝ փորձելով ապացուցել անապացուցելին՝ որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Ասեմ, որ ես ընդունում եմ ինձ նետված մարտահրավերը և այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ երեկ իրենց քննիչ հանձնաժողովը հանդիպել է Նազելի Վարդանյանի հետ, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է, և որը անչափ ուշագրավ փաստեր է տրամադրել հանձնաժողովին:
« «Լիդիան Արմենիա»-ին Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով՝ 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել»,-ընդգծել է Զոհրաբյանը:
«Այսօր խոսելու եմ « Ընդերքի մասին» օրենսգրքի խախտումներից: Ըստ օրենսգրքի հոդված 25-ի՝ հանքարդյունաբերությունն արգելվում է այն գոտիներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Ջերմուկում կան այդպիսի բույսեր և կենդանիներ, մասնավորապես մատնունի-ծիրանավոր բույսը և գորշ արջ:
Ի դեպ, գորշ արջի մասին. «Լիդիան Արմենիա»-ի կենսաբազմազանության ոլորտի փորձագետը շշմելու հայտարարություն է արել՝ ասելով, թե արջերը սիրում են աղմուկ և պայթյուններ, ուստի շատ հանգիստ կարելի է Ամուլսարում պայթյուններ իրականացնել:
Ինչ վերաբերում է մատնունի-ծիրանավոր բույսին, ապա այն իր բնական միջավայրից հանել, դրել են «գարշոկի» մեջ, տեղափոխել են Սևանի ավազան ու որոշել են, որ խնդիրը լուծել են:
Նշեմ նաև «Լիդիան»-ի վերցրած տարածքում բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների մասին, որոնց ճակատագրին առանձին եմ անդրադառնալու: Վերջում ավելացնեմ, որ
2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիա»-ին տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք:
Մինչև հաջորդ դասին անցնելը չմոռանամ հիշեցնել նաև, որ Ջերմուկում ցանկացած պայթյուն արգելված է, և անգամ նոր շենք կառուցելու համար Ջերմուկում պայթեցում չեն անում` չվնասելու համար հանքային ջրի հոսքերը: Իսկ Ամուլսարը շահագործելիս պայթյունները ուղղակի կործանարար են լինելու Ջերմուկի համար»,- ամփոփել է Զոհրաբյանը: