Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի նոր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը։
Նախագահի օգնականը նաև հայտնել է, որ բացի հայկական պետության ղեկավարի հետ հանդիպումից, Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի (ԲՀ) նախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկի հետ։
«Ֆորումի ընթացքում՝ լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Դրանք կլինեն բանակցություններ Տոկարևի հետ, հանդիպում Հայաստանի նոր նախագահի հետ։ Պուտինը կընդունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին։ Պուտինն արդեն մի քանի անգամ հանդիպել է նրա հետ Սանկտ Պետերբուրգում կայացած ֆորումի ընթացքում»,- ասել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի նոր նախագահն է, նրա երդմնակալությունը մարտի 13-ին էր»։ «Պուտինը կհանդիպի նրա հետ։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը»,- ընդգծեց նա։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը նախատեսում է հունիսի 17-ին ֆորումի շրջանակներում «սկզբում լիագումար նիստ է լինելու, հետո՝ երկկողմ հանդիպումներ», որից հետո՝ հանդիպում խոշորագույն լրատվամիջոցների ղեկավարների հետ։