«Լաո»-ներին կոչով դիմել պետք չէ, որովհետև «Լաո»-ները միշտ արթուն են, և դա արձանագրեց 44-օրյա պատերազմը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը՝ բացելով Ֆրանսիայի հրապարակը։ Նրա խոսքով՝ վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր։
«Հայաստանին հանդուրժողականություն է պետք, և այդ հարթակը ԱԺ-ն է: Ինչո՞ւ են փախել ԱԺ-ից, ինչո՞ւ չեն վերադառնում: Մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդդիմության հետ քննարկել մեր հեռացման ծրագիրը»,- նշեց Քոչարյանը։
ՔՊ պատգամավորի համոզմամբ՝ իշխանությանն ընդդիմություն է պետք, քանի Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը կան, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ նրանք շատ են կարոտել իշխանություն ունենալուն և հիմա այդ կարոտախտը չեն կարողանում բավարարել:
Քոչարյանը նշեց, թե կուզեր՝ ընդդիմությունը իսկապես գիտակցեր, որ որպես ընդդիմություն կարևոր առաքելություն ունեն
Հիշեցնենք, որ մեկուկես ամսվա պայքարից հետո «Դիմադրություն» շարժումն այսօրվանից հավաքել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները։
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նիկոլի Փաշինյանի հեռացումը մնում է շարժման օրակարգում, որին ավելանում է ևս մեկ գործիքակազմ՝ նրան անվստահություն հայտնելը։
«Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ:
Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունն ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած»,- նշել էր նա:
Շարժման առաջնորդների պնդմամբ՝ պայքարը շարունակելու են և հունիսի 18-ին նախատեսված է հանրահավաք՝ ժամը 19։30-ին։