Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Այս մասին 2021 թվականի պետական բյուջեի կատարողական ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, ու ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության:
«2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել միջպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 1990-ականներից սկսած։ 2021թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը Հայաստանի վճարած գումարն է»,- հավելեց նա։
Վարչապետի խոսքով՝ նախորդ տարի ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում․ առաջին, որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին և որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը։
Այս թեմայով Նիկոլ Փաշինյանը հիասթափեցնող լուր հայտնեց՝ նախապես ասելով, որ արմատական ընդդիմությունը հատել է բոլոր սահմանները։
«Բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»,- ընդգծեց նա։