Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկը և համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գոտում»,- ասել է Զախարովան։
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստի ժամկետների մասին հարցին՝ ռուս դիվանագետը նշել է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպում անցկացնել Մոսկվայում։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք հանդիպում կազմակերպել մոտ ապագայում։ Մենք սպասում ենք ժամկետների վերաբերյալ առաջարկների՝ համապատասխանաբար ադրբեջանցի և հայ գործընկերներից»,- ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հունիսի 8-10-ը աշխատանքային այցով Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որտեղ հանդիպումներ ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լավրովը Երևանում հնչեղ հայտարարություն արեց. իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում նա ասաց, որ իրավիճակը արցախյան Փառուխ գյուղում, որտեղ անցյալ տարվա մարտին ադրբեջանական զորքերը ներխուժել էին, կկարգավորվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին գործընթացի շրջանակներում։ Այս հայտարարությանը անմիջապես արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը չի նախատեսում Ղարաբաղի հետ կապված հարցերի քննարկում, ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում սրբագրեց Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Ըստ շտկված վարկածի՝ Լավրովն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կօգնի բարձրացնել Բաքվի և Երևանի միջև վստահությունը և կանխել Պարուխի նման միջադեպերը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»։