Ադրբեջանի տարածքային պահանջներն ու հավակնությունները ողջ ՀՀ-ի տարածքի նկատմամբ նորություն չեն։ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է մեծացել ատելության քարոզով։ Բացի դրանից՝ մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան նույնպես տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ։ Ահա այսպիսի մթնլորտում Ալիևը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո հոխորտալով սպառնալիքի, նաև ցեղասպանության սպառնալիքի լեզվով է խոսում։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, թե առանց դրա բացման խաղաղության հասնել հնարավոր չի լինի՝ նա նշեց․ «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը Հայաստանը շրջանցող ճանապարհ կառուցելու պայմանավորվածություն կա՝ Իրանի տարածքում։ Բայց դա բնավ չի նշանակում, որ նրանք իրենց տարածքային նկրտումները և Զանգեզուրի վերաբերյալ բաղձալի երազանքի մասին մոռացել են։ Դրա մասին են վկայում Ալիևի թե՛ այսօրվա, թե՛ բոլոր՝ գրեթե չփոփոխվող հայտարարությունները, հռետորաբանությունը։ Հիմա վիճակը նետված է, ճակատագրական պահ է: Մենք չենք կարող ևս մեկ անգամ սխալ թույլ տալ, այն վերջինը կլինի հայկական պետության համար»։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա այն, ըստ ադրբեջանագետի, կարող է լուծվել ուղիղ բանակցությունների միջոցով՝ Արցախի ժողովրդի հետ։
«Ադրբեջանը գալիս է իր օրակարգով, այդ բանակցությունների հստակ տեսլականով, լինի, այսպես կոչված, փախստականների հարցը, Արցախի ապագայի հարցը, որն Ադրբեջանը համարում է փակված։ Ադրբեջանը երազում է, որ Հայաստաննն այդ ճակատագրական սխալն անի ու ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, սահմազատման ու սահմանագծման գնա։ Այդ գործընթացներով կամա թե ակամա Հայաստանն Արցախը վերջնականապես Ադրբեջանի մաս կճանաչի։ Այդպիսով՝ կհրաժարվի նաև Հայ դատից։ Այդ դեպքում այլևս չենք կարող բարձրաձայնել մեր այն վնասների մասին, որոնք կրել ենք 30 տարի՝ ապօրինի շրջափակման մեջ լինելով։ Մենք, մեծ հաշվով, այդպիսով կօրինականացնենք Ադրբեջանի երազանքների ամբողջ փաթեթը»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հայտարարել է, որ «Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Ալիևը նաև հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման՝ շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան