Արամ Ալեքսանդրի Թանանյանն ազատվում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: Այս մասին նախագիծ է քննարկվելու այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
Armenia Today-ը կապ հաստատեց Թանանյանի հետ՝ ճշտելու, թե որն է ազատման պատճառը, սակայն նա ասաց, որ ինքն էլ տեղեկություն չունի։ Որևէ այլ պաշտոնի նշանակման մասին խոսակցություն չկա։
«Կառավարությունը պաշտոնի նշանակում է, կառավարությունն էլ՝ ազատում»,- պարզաբանեց նա։ Թանանյանը նշեց, որ կառավարության որոշումը մեկնաբանելն իր իրավասություններից դուրս է։
Նշենք, որ Թանանյանը 2021 հունվարի 30-ի նիստին նշանակվել էր ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ։ Մինչ այդ նա 2018 թվականից զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ առաջիկայում Լարսի մոտ նոր անցակետ կտեղադրվի, որը մեկ օրում կսպասարկի 170-200 մեքենա։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդիրներին՝ տեղեկացրել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ անցակետի շնորհիվ Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։
Սանոսյանի տեղեկացմամբ՝ Լարսում մնացած 400-500 մեքենա ունենք։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։