Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:
Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր է ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, ամերիկայի հայությանը, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում։ Վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ճշմարտության պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և գործընթացը բերում է նոր մակարդակի:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ըստ Փաշինյանի, կարևոր է նաև ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման, այլև ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ լինելու առումով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային բաղադրիչ ունի:
«Ոչ թե 1915 թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար»,- ընդգծեց կառավարության ղեկավարը, հավելելով, որ մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը։
«Կարծում եմ, որ ԱՄՆ և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պնդմամբ՝ ինչպես նախկին կառավարությունները, իրենք ևս արձանագրում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, որում Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման օրակարգային հարց չի լինելու. այն Թուրքիային է անհրաժեշտ՝ մեր տարածաշրջանում դերակատարման վերանայման համատեքստում։