Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը նոր հասարակական կազմակերպություն է հիմնում՝ «Հայ Խաչակիրների ազատագրական շարժում» անունով։
«Միլիոնավոր հայեր սպասել են այս արդար շարժմանը։ Խոստանում եմ բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, գործել հայ եկեղեցու կանոնակարգով և առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով»,- տեսաուղերձում հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հունիսի 8-ին մանրամասներ էր հրապարակել Արթուր Ասատրյանի գործից։
Ըստ ՔԿ-ի՝ Դոն Պիպոն և կնոջ ազգականն Էջմիածնում ստեղծել են հանցավոր համագործակցություն։ Նրանք հետախուզվում են;
Հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով նրանք հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով տարբեր անձանց առաջարկել որպես պահնորդ աշխատանքի անցնել այդ ընկերությունում:
2021-ի մարտին Դոն Պիպոյի և խմբի անդամներից մի քանիսի հարաբերությունները լարվել են: Համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու համար նա մարտի 14-ի երեկոյան Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է նրանցից մեկին ու նրա մտերիմներին: Հրազեններով և ռազմամթերքով զինված խմբավորումները կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել:
Արթուր Ասատրյանը համախոհներին հանձնարարել է ատրճանակների հետքերը վերացնել, աշխատանքի չհաճախելով թաքնվել իրավապահներից: Այս, ինչպես նաև մեկ այլ սպանության դեպքից հետո, Դոն Պիպոն և նրա կնոջ ազգականը մեկնել են Հայաստանից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ անձանցից Սենսեյ Արթուրը: