Չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը ևս մեկ անգամ չեղարկեց 907-րդ հոդվածի սահմանափակումները Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնության վերաբերյալ՝ ճանապարհ բացելով Ալիևի կոռումպացված հակահայկական ռեժիմին ԱՄՆ-ի շարունակական օգնության համար:
Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառել Ադրբեջանին ռազմական օգնության համար, շրջանցելով 907-րդ հոդվածը, նախագահ Ալիևին խրախուսում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին, հարձակումներ իրականացնել Արցախի վրա և շարունակել օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նա ընդգծել է, որ ANCA-ն կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ հասնելու Ադրբեջանին ռազմական օգնության վերացմանը և 907-րդ հոդվածով նախատեսված նախագահի լիազորությունների սահմանափակմանը։
ANCA-ն հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ կատարի և չհրաժարվի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջներից՝ դադարեցնելու համար ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան։ Նախագահ դառնալուց հետո նա առաջին անգամ փոխեց իր դիրքորոշումն այս հարցում 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման իր պատմական հռչակագրի նախօրեին։
«Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն՝ կապված Ալիևի վարչակարգին ռազմական օգնություն տրամադրելու հետ, հակասում է նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի կարևոր է, նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- մեկնաբանել է Արամ Համբարյանը։
Այս տարի հրապարակված ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցը ցույց է տվել, որ Պետդեպարտամենտը մշտապես չի ներկայացրել Կոնգրեսին Բաքվին տրամադրված ավելի քան 164 միլիոն դոլարի օգնության ազդեցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա: «2014-2021 ֆինանսական տարիների համար Կոնգրեսին ներկայացվող պետական հաշվետվությունները հաշվի չեն առել որոշ անհրաժեշտ տարրեր, ինչպիսիք են առաջարկվող օգնության ազդեցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա», – ասվում է զեկույցում: