Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն կողմերի միջև վստահություն կա։ Այս մասին ուրբաթ օրը Թուրքիայի Մալաթիա քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «РИА Новости»-ն։
«Այո, մեր միջև կան տարաձայնություններ շատ հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Բայց մենք վստահություն ունենք, Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է Ռուսաստանին և Ուկրաինային մեկ սեղանի շուրջ հավաքել»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը որոշակի առաջընթացի մասին հայտարարել էր սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում։ Միաժամանակ նա նշել է, որ կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Մոսկվայի, Կիևի և ՄԱԿ-ի հետ։
Թուրքիան ակնկալում է, որ առաջիկա օրերին «դրական քայլեր» կձեռնարկվեն հացահատիկի ճգնաժամի վերաբերյալ, ասել է Աքարը։ Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ասել է, որ եթե Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև այս հարցում համաձայնություն ձեռք բերվի, Ուկրաինայի ջրային տարածքից դուրս անվտանգության գոտի կստեղծվի։