«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին անցյալ դեկտեմբերի 9-ին ազատեցին պաշտոնից եւ փոխարենը նշանակեցին կարկառուն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին։ Երեկ Ուլիխանյանը հայտարարեց ՔՊ-ից հեռանալու մասին։ Թե ինչու նա հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից ոչ մեկին անգործ չի թողնում՝ կադրային «ռակիրովկաներ» է անում, մի բան տալիս, որ յոլա գնան, իշխանական մեր աղբյուրներն ասացին, որ Ուլիխանյանը «վիզ չի դրել» թիմի համար, ձախողել է գրեթե բոլոր կուսակցական հանձնարարությունները։
Փաշինյանը հատկապես ծանր է տարել Սյունիքի համայնքապետարաններում իրականացված ստուգումների ձախողումը, որ չկարողացան հանրության առջեւ մի շքեղ շոու բեմադրել՝ բացահայտումներով եւ իր հակառակորդների մերկացումներով։ Ասում են՝ զուգահեռաբար նաեւ տրվել է հաճույքներին՝ խնջույքներ, զվարճություններ, որի մասին անգամ ինչ-որ տեսագրություններ կան։ Ի դեպ, այս ամիսներին նա քանիցս գործ է խնդրել կուսակցական վերնախավից, սակայն մերժվել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։
Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար։ 18.2%-ով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ 047 մլն դոլար։ Եթե, այս տարեսկզբի համեմատ, տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի, հետևաբար կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված 60.2%-ից ցածր կլինի։ Երբ դոլարը էժանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է։
Հայաստանի պետական պարտքի գերակշիռ մասը՝ շուրջ 70%-ը, արտաքին պարտքն է։ Այն հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը, բնականաբար, ՀՀ դրամով է, հետևաբար որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի եւ սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը եւ առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին:
Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ` զենք ներկրելու համար»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց, թե ովքեր են առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորելու: Մասնավորաբար, ինչպես այդ մասին տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ, Ալավերդիում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու է պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այս ընթացքում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Մկրտչյանն անընդհատ պատգամավորի կարգավիճակի «անվան տակ» այցելում է դպրոցներ, այլ հաստատություններ, ինչ-որ հանդիպումներ կազմակերպում, որոնց նպատակը բացառապես աշնանը սպասվող ընտրություններն են։ Օրերս էլ հերթական ահազանգերն ենք ստացել Ալավերդիից. նամակագիրները տեղեկացնում են, որ Մկրտչյանը փորձում է հարաբերություններ հաստատել նաև տեղի, այսպես կոչված, «հեղինակությունների» հետ։
Ասում են նաև, որ Մկրտչյանի շրջապատում հավաքված են հիմնականում նոր, «թարմ» «տասովչիկներ», որոնք փորձում են ինքնամոռաց ու անվերապահորեն ծառայել «շեֆին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մկրտչյանն ստեղծել է նաև «տեղական» ֆեյքերի լայն ցանց, որի «կենտրոնը» տեղակայված է Օձունում»: