ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտական օրերին կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում տված ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ կքննարկեն, թե արդյոք արժե՞, թե՞ չարժե մանդատից զրկել, քանի որ օրենքը դրա հնարավորությունը տալիս է:
«Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց ու հետո այդ նշաձողի տակ մնալուց հետո ոնց են վերադառնալու այս դահլիճ»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել:
Անդրադառնալով 2018 թվականի պատգամավորական անհնազանդություններին՝ Սիմոնյանն ասաց, որ այն ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ որևէ ընդդիմադիր պատգամավոր չէին լրացրել բացակայությունների այն քանակը, որը պատճառ կլիներ մանդատից զրկելու համար: