ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆը քննադատել են «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը չեղյալ համարելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը։ Նրանք նշել են, որ այդ որոշումը կանաչ լույս է տալիս Ալիևի ռեժիմին ռազմական նոր օգնության համար։ Նրանք այդ համատեքստում մատնանշել են Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ Ալիևի կողմից կազմակերպած էթնիկ զտումները։
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Իր հայտարարության մեջ Մենենդեսը նշել է, որ խորապես հիասթափված է, որ Պետդեպարտամենտը հերթական անգամ բացառություն է արել, որպեսզի շրջանցի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը և ռազմական օգնություն ցուցաբերի Բաքվին:
«Ադրբեջանը շարունակում է տարածքների օկուպացիան, շարունակում է ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով ավելի քան 6500 մարդ զոհվել է, ավելի քան 100 հազար էթնիկ հայեր՝ տեղահանվել ։
Այս պայմաններում անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունը չի ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա։ Ես ակնկալում եմ, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին ցուցաբերվող ցանկացած օգնության գնահատման համար»,-ընդգծել է ամերիկացի օրենսդիրը։
ANCA-ի համար հրապարակված մեկնաբանության մեջ Ադամ Շիֆը խոստացել է աշխատել Կոնգրեսում դաշնակիցների և ամերիկյան հայ համայնքի հետ՝ 907-րդ լրացումից հրաժարվելու որոշման շուրջ։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ պատերազմ և մարդասիրական աղետ է հրահրել Հայաստանում և Արցախում, հազարավոր հայերի սպանության հեղինակ է դարձել։ Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ զինվորներին՝ նրանց կտտանքների ենթարկելով և սպառնալով ԼՂ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներին, որոնք ապրում են նոր ներխուժման վախի մեջ»,- նշել է Շիֆը:
Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը որևէ պարագայում չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի նման ռեժիմին, քանի որ դա ոչ միայն հակասում է երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է հնարավորություն տալ Ալիևի ռեժիմին ընդլայնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ: