Ռուս խաղաղապահները Արցախում իրենց առաքելությունը կատարում են շատ բարձր մասնագիտական և հումանիտար մակարդակով։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովի «Полный контакт» ծրագրին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ չնայած ռուսական զորակազմի ոչ այդքան մեծ քանակին՝ Ռուսաստանի ներկայությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունացնող դեր է խաղում։ Նույնիսկ փոքր ու վիրավոր Ղարաբաղից շատ բան է կախված տարածաշրջանում։
«Եթե չլիներ ռուսական խաղաղապահ առաքելությունը, այդ տարածաշրջանը կրկին կսեղմվեր։ Ընդ որում, այդ դեպքում հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն»,- ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների և տեղի բնակչության միջև շատ ջերմ հարաբերություններ են ձևավորվել։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ Ղարաբաղում միշտ եղբայրական զգացմունքներ են տածել ռուս ժողովրդի նկատմամբ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի սադրանքները շարունակական բնույթ են կրում. «Դրանք միշտ էլ եղել են, քանի որ հայատյացությունն այդ երկրում պետական գաղափարախոսություն է և պետական քաղաքականության աստիճանի է բերվել։ Ադրբեջանի գլխավոր նպատակն այն է, որ Արցախում ոչ մի հայ չմնա։ Այդ սադրանքների հիմնական նպատակն է վախեցնել բնակչությանը, խարխլել իր ապագայի հանդեպ նրա հավատը, վստահությունը ռուս խաղաղապահների և Ռուսաստանի հանդեպ ու արդյունքում հասնել բնակչության արտահոսքին»,- ասել է նա։
Խոսելով Արցախում հումանիտար իրավիճակի մասին՝ Բաբայանը նշել է բազմաթիվ գերիների և անհետ կորածների մասին։
«Ըստ որոշ տվյալների՝ կան նաև պատանդներ։ Նրանց ճշգրիտ թիվը մենք չգիտենք, քանի որ ադրբեջանական կողմը թաքցնում է այդ տվյալները։ Շատ ռազմագերիներ հանձնվել են դատարանին և իրենց պատիժն են կրում ադրբեջանական բանտերում, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը՝ հիշեցնելով, որ բոլոր ռազմագերիները և մյուս պահված անձինք, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջի, վաղուց պետք է ազատ արձակվեին։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ ամեն ինչ կախված կլինի ուժերի հավասարակշռությունից, որը կհաստատվի տարածաշրջանում:
«Թուրքիան և Ադրբեջանն այսօր միասնական աշխարհառազմավարական դաշտ են ստեղծել, և այդ տանդեմը հեռուն գնացող ծրագրեր ունի։ Տվյալ դեպքում Ղարաբաղը կայունացնող գործոն է Անդրկովկասում, ինչպես նաև խաղաղության պահպանման առանցքային բաղադրիչ։ Նույնիսկ փոքր ու վիրավոր Արցախից շատ բան է կախված տարածաշրջանում, որտեղ խաղաղությունը հնարավոր կլինի միայն ուժերի աշխարհաքաղաքական կոշտ հավասարակշռության առկայության դեպքում»,- ասել է Բաբայանը։