Նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դաշնակցության պաշտոնական կայքէջից:
Դեսպան Լին Թրեյսիին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, իսկ ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև շնորհավորելով նրան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները. մասնավորապես հնչեցրել ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ:
ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտադրել են հանրապետությունում իրական, բովանդակային և համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն արտահայտել երկրում սահմանադրական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ:
Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»: