«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին: Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում, անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն հայտնի է, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր եւ դրա հաջորդ օրը ԱԺ-ում նոր դատավորներին ներկայացնելու անհրաժեշտությունը։ ԲԴԽ նախագահը հիվանդացավ, որ չգնա ԱԺ եւ ստիպված չլինի բացատրություններ տալ իր լեքսիկոնի, «վզին դրած» պարտավորությունների, քրեական վարույթներին միջամտելու մասին։ Երեկ մենք հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ Խոսնակն ասաց, որ «գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, այլ մանրամասներ տրամադրել չեն կարող»։ Մենք պարզեցինք, որ նա այսօր արդեն դուրս է գրվելու հիվանդանոցից։ Բուժման օրերին նրան հիվանդատես են գնացել տարբեր մարդիկ՝ ընկերներ, մերձավորներ։ Ուշագրավն այն է, որ նախօրեին, կեսգիշերն անց նրան այցելել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մոտ մեկ ժամ մնացել հիվանդանոցում»։
«Իրավունք» թերթը գրում է. «Անձնագրային եւ վիզաների վարչության բաժիններում հերթերը կամաց–կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին: Քաղաքացիները բողոքում են, որ օրը դեռ չլուսացած` արդեն100–ից ավել մարդ հերթի մեջ է: Օրինակ` նոր անձնագրի համար դիմելու դեպքում` մի ամբողջ աշխատանքային օր պետք է աչքի տակ ունենաս: Բայց սա էլ լավագույն դեպքում, եթե մինչեւ աշխատանքային օրվա ավարտն առհասարակ հերթդ հասնի: Ըստ էության, իրավիճակը չեն փրկում ո՛չ կտրոնով հերթերը, ո՛չ էլ օնլայն հերթագրվելու հնարավորությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը եւ ծանուցագրեր ուղարկում։ Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից եւ սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեեւ անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»: