ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նա գրել է Facebook-ի էջում։
«Շուրջ 1 տարի է՝ հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»,- գրել է Հայկ Մամիջանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ իր հերթին հայնտել է, որ իր դիմումի համաձայն՝ ազատվում է ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը ևս հրաժարվել է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Ազատության» եթերում տեղեկացրել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկել են ԱԺ վարչական պաշտոններից։