Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ:
Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու:
Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից:
Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ.
Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից:
Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել:
ԱԺ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկել է ԱԺ վարչական պաշտոններից։ Մյուս ընդդիմադիրներն էլ հրաժարվել են զբաղեցրած վարչական պաշտոններից։