«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց իր եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թ․ փետրվարին մի ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Ասուլիսից հետո մենք Hraparak. am կայքում հրապարակեցինք «Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ նշել էինք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել Երեւանի Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։ Նշել էինք նաեւ, որ ձայնագրության մեջ լսվում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիս երաժշտության։ Մեր այս հրապարակումը ծանր է տարել «Շիրակ» հյուրանոցի տնօրինությունը, որի ներկայացուցիչները նախ զանգերով, ապա խմբագրություն ուղարկված ուլտիմատում-նամակի տեսքով փորձում էին հերքել, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել իրենց ռեստորանում՝ նշելով, թե մենք այս հրապարակմամբ արատավորել ենք իրենց ռեստորանի գործարար համբավը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին: Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։ Մի խոսքով, ընդդիմության պատասխանը չուշացավ, ու փաստացի խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից նրանք հրաժարվեցին (բացառությամբ Թագուհի Թովմասյանի)»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ», Քրօրենսգրքի 226 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է․ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով․․․․ եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», որը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Այս հոդվածով է ազատազրկված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս մայիսի սկզբին կարկառուն քպականներից մեկն առաջարկել էր անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել: Այն ժամանակ էլ նշվեց, որ նման հայտարարություններով փորձ է արվում պաշտպանական գերատեսչությունը, բանակը ծառայեցնել քաղաքական նպատակների, իսկ ծառայությունը, ըստ այդմ, դառնում է… պատժիչ գործիք: Թվում էր՝ դա սոսկ քաղաքական հայտարարություն է: Սակայն ինչպես հետո պարզվեց, դա ՔՊ-ի քաղաքական որոշումն էր: Եվ ահա, երեկ տեղեկություն տարածվեց, որ ցվերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը թերթի հետ զրույցում ասում է, որ զինված ուժերի քաղաքականացում ասվածն այս իշխանության համար բնավ այնպիսի մի կարմիր գիծ չէ, որն իրենք չհամարձակվեն անցնել: «Կապիտուլ յանտական այս ռեժիմի համար չկան ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տաբուներ, իրենք բարոյական որևէ տաբու չունեն: Իրենք ընդունակ են ցանկացած ստորության, ազգադավության ու ճղճիմ քայլի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմությունը միահամուռ հայտարարեց խորհրդարանական պաշտոններից հրաժարվելու մասին։ Արմեն Գեւորգյանը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, Թադեւոս Ավետիսյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից։ Միակ ընդդիմադիրը ՊՈՒ խմբակցությունից Թագուհի Թովմասյանն է, որը գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը»։