«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալուն: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն։ Միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գեւորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռեւս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու եւ ընդունելու։ ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է եւ մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել եւ սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչեւ արձակուրդը սկսվելը նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոշմանել են: Օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունը հասկանալու համար, թե Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, ավագանու արտահերթ ընտրություններ լինելու դեպքում գլխավորելու էր ՔՊ-ի համամասնական ցուցակը, ինչքանով է վայելում երևանցիների համակրանքը, սոցիոլոգիական հարցում է պատվիրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրուսել: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու»։