Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-30-ը Վրաստանում մասնակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրով նախատեսված աշխատանքային քննարկումներին։
Միջոցառումը, որն իրականացվում է շվեդական «Նիրաս» կազմակերպության կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում, հնարավորություն է տվել քննարկել գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, սոցիալական աշխատանքի, կանանց տնտեսական հզորացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Հայաստանի պատվիրակության կազմում եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության, ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Արդարադատության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Վիճակագրական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ։
Գենդերային հավասարության, ընտանեկան բռնության, կանանց հետ տարվող սոցիալական աշխատանքի և նրանց ուղղված սոցիալական ծառայությունների դաշտը քննարկելու, կանանց ու աղջիկների հզորացման ոլորտում Վրաստանի լավագույն փորձն ուսումնասիրելու և այդ ուղղությամբ համագործակցության հեռանկարները դիտարկելու նպատակով՝ նախարարի տեղակալները երկկողմ հանդիպումներ են ունեցել Վրաստանի վարչապետի՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդականի, Վրաստանի խորհրդարանի անդամների, Արդարադատության, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության, Հանրային պաշտպանի գրասենյակի, Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում նախարարի տեղակալները եղել են նաև Թբիլիսիի՝ բռնության զոհերի ճգնաժամային կենտրոնում, ծանոթացել անհապաղ օգնության կարիք ունեցող անձանց մատուցվող ծառայություններին։