ԱԺ մի պատգամավոր, որը մոռացել է, որ այլևս չի զբաղեցնում ՊՆ նախարարի աթոռը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հացադրումներ արել, թե ի՞նչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդներին։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։
«Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում․ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, և դա կատարվում է փափուկ, հանգիստ․․․ բայց իհարկե չեք փրկում, այլ ընդամենն անում եք այն, ինչի մասին խոսեցի, մեր երկիրը տանում դեպի անորոշություն»,- ասաց Պապիկյանն ու հավելեց, որ վերջին ամիսը հայտարարում է ինժեներական աշխատանքների ամիս։
«Համեցե՛ք ինժեներական աշխատանքներին, այո՛, գնացեք և մասնակցեք եռամսյա հավաքների, դուք ՀՀ քաղաքացիներ եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և հավասար են բոլորի նման»,- նշեց նախարարը։
Նա նաև հորդորեց իրավունք չվերապահել զանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել։ Նշեց, որ նման կոչերը իրավական պատասխանատվություն են ենթադրելու։
Պապիկյանը ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ նաև ասաց, որ ՊՆ նախագծի փաթեթը, որը քննարկվում է, էականորեն փոխելու է կառավարման ուղղահայացը։ Նա նշեց, որ սա այն ճանապարհն է, որի միջոցով փորձելու են համակարգային փոփոխությունների գնալ, համակարգը դարձնել ավելի սահուն, ղեկավարման օղակը դարձնել վերից վար։
Նշենք, որ ԳՇ պետի պաշտոնը նաև նախարարի առաջին տեղակալի պաշտոն է ենթադրելու, սակայն նախարարի բացակայության դեպքում նրան փոխարինելու է մյուս փոխնախարարը։