«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել,ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու»։
«Իրավունք» թերթը գրում է. «Նախկինին վերադարձ չի լինելու կոչերով իշխանության եկածները որոշել են հետ բերել 90–ականների ողջ պերճանքն ու թշվառությունը: Ոստիկանությունը կրկին դառնում է նախարարություն, միայն թե այլեւս Վանո Սիրադեղյանը չկա: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում առաջիկա օրերին տեղի կունենան լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Սադոյանը, հիշեցնենք, Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։ Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին, բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձեւավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց եւ 4 տարի պաշտոնավարեց: Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին եւ հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6–ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովին: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նա գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալու հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է կրկին Ազգային ժողովի նախագահը: Սակայն, «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, դեռ շաբաթը չլրացած` բավական ուրախ տրամադրություն է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ–ում: Պատճառն այն է, որ Արթուր Ղազինյանին խորհրդարանում փոխարինելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արգիշտի Գեւորգյանը: Փաստացի, որքան երերում են «Հայաստան» դաշիքնի հիմքերը, այնքան ավելի ամրանում է խորհրդարանում ՀՅԴ–ն միայնակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստան ժամանած պոկերի արքա Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Անգամ լուսանկար հայտնվեց` Բելզիրյանը շորտիկով, նախարարի հետ հանդիպմանը: Երեկ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։ «Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,- կարճ պատասխանեց նախարարը։ Հիշեցրինք, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն մնաց օդում, Քերոբյանն անարձագանք թողեց մեր դիտարկումը եւ հեռացավ։ Ինչպես միշտ ամեն ինչ միայն շոուների եւ լուսանկարների մակարդակում է տեղի ունենում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը: Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել եւ աջակցել Աննա Հակոբյանին: Իսկ ամիսներ առաջ էլ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էր շարունակաբար ներողություն խնդրում նրան վիրավորելու համար: Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն էլ էր ուղեկցում Հակոբյանին: Երեկ նա եղել է Գորիսում, այցելել Բակունցի տուն-թանգարան, Կանանց ռեսուրս կենտրոն, որի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Առուշ Առուշանյանի թիմակիցն է՝ ավագանու անդամ: Թեեւ ասացին, որ Գորիսի համայնքապետն անձամբ չի հանդիպել Հակոբյանին: Այսօր նա կլինի Կապանում, եւ «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն է: Ոմանք կարծում են, որ այս այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին: Ի դեպ, Աննա Հակոբյանի այցից առաջ լցրել են Տաթեւ-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: Նա մնում է Հալիձորի տարածքում գտնվող «Հարսնաձոր» համալիրում»: