Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությունը դժվար է գերագնահատել։ Համաձայն ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած տեղեկատվության՝ այս մասին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը նշել է ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդծելով, որ աշխարհի ռազմավարական դասավորվածությունն այսօր այն չէ, ինչ անցյալում էր։
Նախարարի խոսքով՝ գործընկերության առաջ եղած մարտահրավերներից է ընդհանուր արժեքների պահպանումը, որի միջոցով հնարավոր եղավ Հայասատնում թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացնել:
«Հայաստանում հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը»,- նշել է ԱԳՆ նախարարը՝ հավելելով, որ ժողովրդավարությունը, ժողովրդի առջև հաշվետվողականությունը նպաստավոր հիմք են հակամարտությունների լուծման համար:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ պետությունների անհատական օրակարգից զատ, երկկողմ հարաբերությունների համատեքստում Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: