ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի օրակարգը: Այս մասին հաղորդում է ռուսական խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:
«Սա նշանակալի իրադարձություն է, քանի որ անցկացվում է ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի առաջին նիստը»,-նշել է ԱԺ նախագահը` ողջունելով ռուսական պատվիրակությանը:
«Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են», — ընդգծել է Արարատ Միրզոյանը` նշելով, որ Երևանում միջխորհրդարանական կապերի զարգացմանը տալիս են մեծ նշանակություն:
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի նիստի մասնակիցներին մաղթել է անխափան աշխատանք և նոր ձեռքբերումներ: Կողմերը քննարկել են նաև ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի օրակարգը:
Իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ կողմերի առաջ ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, որոնց թվում, մասնավորապես, միջազգային ահաբեկչությունն է: «Անհնար է ահաբեկչության դեմ պայքարել միայնակ»,-ընդգծել է նա` կարևորելով համաշխարհային անվտանգության ապահովումը:
«Թեմաները, որոնք կքննարկվեն, մեզ ավելի են միավորում, քանի որ վերաբերում են մեր երկրների անվտանգության կազմակերպմանը», — ասել է Պետդումայի նախագահը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի հարցը: