Ուրբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բաքու կայցելի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
Նշվում է, որ նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կլինի իրանա-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձություններին։
Հուլիսի 7-ին նա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նրան ներկայացվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Հայաստանում միջանցքների ստեղծման հարցերը չեն քննարկվում։ Շամհանին այս համատեքստում հայտարարել է պետությունների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Նա նաև ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության ամրապնդմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալի Շամհանիի հետ հանդիպմանը, նշվել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ցանկացած փորձ։ Նա նշել է, որ իր երկիրն աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում։