Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, որ ոստիկանության ներքին զորքերին պետք է սահման ուղարկեն։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ՆԶ խնդիրների ցանկում է նաև «երկրի պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունները դա չէին անում, հակառակը` ՆԶ-ն օգտագործվում էր ներքաղաքական խնդիրների ու հատկապես` հանրահավաքները ճնշելու համար:
2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ փոխվում է, ոստիկանությունը ոչ թե պետք է իշխանություններին պաշտպանող և ներքաղաքական խնդիրներ լուծող մարմին լինի, այլ ծառայի երկրին ու հասարակությանը, և խրոխտ քայլ արեց` ինքն էլ անձամբ ոստիկանների առաջին հերթափոխին հանդիսավոր արարողությամբ ճանապարհեց դեպի սահման։ 18-ի սեպտեմբերից սկսած՝ 15- օրյա հերթափոխով ոստիկանները սահման էին պահում։
Տեղեկացանք, որ ամիսներ առաջ այդ որոշումը հետողորմյա է արվել, ներքին զորքերի ծառայողներին այլևս սահման չեն ուղարկում, հասկանալի է, որ Հայաստանից Արցախ նույնիսկ զինվորներ չեն ուղարկվում, բայց պատերազմից հետո նույն ՆԶ ծառայողները շարունակում էին ինչ-որ պարբերականությամբ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնել։ Հիմա վերջնականապես դա դադարեցվել է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։ Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաև՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։
Հարսանիքին ներկա են եղել նաև բազմաթիվ հադրութցիներ, քանի որ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտին ղեկավարել է Հադրութի պաշտպանական մարտերը և կենդանության ժամանակ դարձել հադրութցիների կուռքը։
Հարսանիքի հյուրերից են եղել նաև «Երկրապահի» անդամներ, իսկ քավորը եղել է Կենտրոնի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Սերգեյ Գասպարյանը։ Հարսանիքն աչքի է ընկել բազում հուզիչ դրվագներով. հիշել են գեներալին, կենացներ ասել, իսկ ամենահուզիչը եղել է այն պահը, երբ եկեղեցում պսակադրությունից հետո դուստրը ցանկություն է հայտնել հարսանեկան զգեստով այցելել հայրիկի շիրմին։ Նրան ուղեկցել են ներկա գտնված բոլոր հյուրերը։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը»։
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ԱՀ իշխանությունները նախատեսում են դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել։ Տեղեկությունների համաձայն, առանցքային փոփոխության ենթակա հարցերից մեկը վերաբերում է նախագահի ընտրության կարգին։ Հավելենք, որ հանրաքվեի անցկացումից հետո՝ արդեն հաջորդ տարի, նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արայիկ Հարությունյանը հանրաքվեից հետո ոչ միայն հեռանալու է նախագահի պաշտոնից, այլև հայտարարելու է, որ պատրաստվում է քաղաքականությունից հեռանալ, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել է իր նեղ շրջապատում։
Ներկայումս Արցախում առանձնակի քաղաքական ակտիվություն չի նկատվում, բայց ակնհայտ է, որ արդեն շուտով ներքաղաքական իրադարձությունները կաշխուժանան։ Նոր նախագահի թեկնածության շուրջ դեռևս կոնսենսուս չկա, այս պահին քննարկումներ էլ չեն ընթանում. ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն արդեն հաջորդ տարեսկզբին»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմեն Գրիգորյանն իմ ճանաչած մարդկանցից ամենաբարձր արժանապատվությունն ունեցող մարդկանցից էր։ Երբ խոսում էինք իր առողջության մասին, մեզ ասում էր՝ լսեք, հիմա մեզնից ո՞վ է բժիշկը, ե՞ս, թե՞ դուք։
Արմեն Գրիգորյանը բժշկական կրթություն ուներ և ասում էր, որ ինքն իր բուժմամբ զբաղվում է… Նա մեզ այդպես էլ թույլ չտվեց դատարանում ու այլ մարմիններին բարձրաձայնել այդ խնդրի մասին»,- երեկ հանրահավաքում ասել է Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։
«Գրիգորյանն ասում էր՝ հանկարծ չստացվի այնպես, որ խոսեք իմ առողջականի մասին, իսկ մարդիկ մտածեն, թե դիտավորյալ ենք խոսում, որպեսզի ես պատասխան չտամ։ Ասում էր, որ եթե մեղավոր է, պատրաստ է իր ցանկացած խոսքի համար պատասխան տալ։ Ասում էր նաև, որ գիտակցում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ասում էր` ինքը մինչև վերջ պատվով տանելու է դա»,- ասաց նա»։