«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համերկրացի, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը եւս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Տավուշի նախկին մարզպետի եւ նրա ընտանիքի անդամների գույքի վրա դատախազությունն արդեն կալանք է դրել։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց, որպեսզի մինչեւ դատարանի վերջնական վճիռը նա չկարողանա օտարել այն: Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին եւ այդ կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու։ Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է՝ դատախազությունը դեռ չի մանրամասնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ որոշել են բոյկոտել եւ չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետեւել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու: Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղեւորություններից առաջ եւ հետո սեւ խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ եւ գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաեւ Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Օրաթերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեեւ սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի ընդդիմադիրները նախաձեռնությամբ հանդես եկան՝ առաջարկեցին ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրեր գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, չարաշահումները եւ այլն։ Սակայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» սկզբում հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը, իսկ հետո հայտարարեց, թե իբր ամառային արձակուրդներ են, այդ պատճառով հարցի լուծումը հետաձգում են։ Արդյունքում ընդդիմության ձայները չբավարարեցին հանձնաժողով ձեւավորելուն»։